ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հերքել է Մադրիդի «Ռեալի» հետ համաձայնության գալու մասին լուրերը։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Երեկ՝ փետրվարի 27-ին, նա մասնակցել է Ելիսեյան պալատում Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի պաշտոնական այցի կապակցությամբ կազմակերպված ընթրիքին, որտեղ խաղացողը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ֆուտբոլիստը դարձել է միակ գործող խաղացողը, որն այս միջոցառմանը մասնակցելու հրավեր է ստացել: Ըստ մի քանի ականատեսների, Մբապեն չի խուսափել իր ապագայի և Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հետ կապված հարցերից: Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը զրույցների ընթացքում հերքել է, թե պայմանագիր է կնքել մադրիդյան թիմի հետ և որ առհասարակ համաձայնության է եկել «Ռեալի» հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա Կիլիան Մբապեն համաձայնեցրել է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի մանրամասները։