Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մրցաշրջանի ավարտից հետո կլքի մյունխենյան ակումբը։
Ինչպես հայտնում է լրագրող Թոբի Ալտշեֆլը սոցիալական ցանցերում, Տուխելը «Բավարիայում» աշխատանքի հենց սկզբից բավարար աջակցություն չի զգացել։ Մարզչի ցանկություններից և գաղափարներից շատերը երբեք չեն իրականացվել այս կամ այն պատճառով՝ չնայած խնդրանքներին: Թիմի արդյունքների վրա իր ազդեցությունն է ունեցել նաև թիմի ներսում ստեղծված անբարենպաստ մթնոլորտը։
Տուխելը «Բավարիան» գլխավորում է նախորդ տարվա մարտից։ Այդ ժամանակ գերմանացի մասնագետն այս պաշտոնում փոխարինեց իր հայրենակից Յուլիան Նագելսմանին։
Տուխելը մյունխենյան թիմի հետ հաղթել է Բունդեսլիգան 2022/2023 մրցաշրջանում։ Կողմերի միջև պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը, կխզվի այս ամառ։
Գերմանիայի առաջնության 23 տուրից հետո «Բավարիան» վաստակել է 53 միավոր և երկրորդ տեղում է՝ առաջատար Լևերկուզենի «Բայերին» զիջելով 8 միավորով։