Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն «Բավարիայի» ղեկին Թոմաս Տուխելին փոխարինելու առաջնահերթ թեկնածու է, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Տուխելը կլքի մյունխենյան ակումբը։
Գերմանացի մասնագետը գլխավորել է «Բավարիան» 2023 թվականի մարտին և մյունխենցիների հետ նվաճել Գերմանիայի չեմպիոնությունը: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 22 տուրից հետո «Բավարիան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար Լևերկուզենի «Բայերին» զիջելով ութ միավորով:
Գերմանիայի առաջնության հաջորդ խաղում մյունխենյան թիմը սեփական հարկի տակ կխաղա «ՌԲ Լայպցիգի» հետ։ Խաղը կկայանա փետրվարի 24-ին։