«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մրցաշրջանի ավարտից հետո կլքի մյունխենյան ակումբը, հայտնում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Ըստ աղբյուրի՝ հեռանալու որոշումը կայացվել է գերմանացի մասնագետի և մյունխենյան թիմի ղեկավարության «ազնիվ և երկար» զրույցից հետո։ Հիշեցնենք, որ Տուխելը գլխավորել է «Բավարիան» 2023 թվականի մարտին և թիմին հասցրել մինչև Բունդեսլիգայի չեմպիոնություն:
Այս մրցաշրջանում Բունդեսլիգայի 22 տուրից հետո «Բավարիան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար Լևերկուզենի «Բայերին» զիջելով ութ միավորով: Գերմանիայի առաջնության հաջորդ խաղում մյունխենյան թիմը սեփական հարկի տակ կխաղա «ՌԲ Լայպցիգի» հետ։ Խաղը կկայանա փետրվարի 24-ին։