Լոնդոնի «Ֆուլհեմը» Պրեմիեր լիգայի այն ակումբներից է, որոնք դիմել են Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլիի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյին ձեռք բերելու համար, հաղորդում է talkSPORT-ը։
Աղբյուրի համաձայն, Ֆիրմինոն ցանկանում է հեռանալ «Ալ Ահլիից» ակումբում ընդամենը վեց ամիս անցկացնելուց հետո, մինչդեռ «Ֆուլհեմը» փորձառու հարձակվող է փնտրում, որը կմիանա թիմին այն բանից հետո, երբ ամռանը Ալեքսանդր Միտրովիչը միացավ «Ալ Հիլալին»: Հաղորդվում էր, որ «Շեֆիլդ Յունայթեդը» նույնպես հետաքրքրված էր բրազիլացու ծառայություններով՝ մինչև Փոլ Հեքինգբոթոմի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելը:
Հիշեցնենք, որ Ֆիրմինոն անցած ամառ է տեղափոխվել «Ալ-Ահլի»: Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն, բրազիլացու արժեքը կազմում է 10 միլիոն եվրո:
























































