«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է այն փաստը, որ երրորդ հանդիպումն անընդմեջ չի կարողացել գոլ խփել։ Ավելի վաղ «Բավարիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում 1։0 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։ Քեյնը գոլային փոխանցում կատարեց Քինգսլի Կոմանին, որը դարձավ միակ գոլի հեղինակը։
«Ես կասեմ նույնը, ինչ նախկինում. երբեմն լինում են ժամանակաշրջաններ, երբ գնդակը այնքան էլ չի թռչում այնպես, ինչպես ուզում ես, և գուցե այն անցնում է դարպասաձողի կողքով կամ դիպչում է դրան: Սա հարձակվողի կյանքի անբաժանելի մասն է: Պարզապես պետք է պահպանել սառնասրտությունը և շարունակել անել այն, ինչ անում ես: Գիտեմ, որ այս թիմում շանսեր կունենամ ու ճիշտ տեղում կհայտնվեմ՝ իրացնելով դրանք»,- Քեյնի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։