«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Ա Սերիայի 14-րդ տուրում «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:0)”
«Առաջին խաղակեսը շատ լավ սկսվեց, սակայն Թյուրամի գոլը չեղարկվեց շատ աննշան խաղից դուրս իրավիճակի համար: «Նապոլին» Իտալիայի չեմպիոնն է, մենք ինչ-որ վտանգի տակ էինք, երբ Պոլիտանոն հարվածեց մեր դարպասին, սակայն Զոմմերը փրկեց մեզ։ Այնուամենայնիվ, արժանի հաղթանակ տարանք։ Սա մեր հինգերորդ արտագնա խաղն է վերջին վեց հանդիպումներում և երրորդը՝ մեկ շաբաթվա ընթացքում, և մեզ պետք էր այսպիսի ելույթ։ Երբ մենք առաջ էինք 2:0 հաշվով, խաղը վերահսկելի էր։ Նեապոլում այսպիսի հաղթանակն ուրախացնող է։ Բայց գիտենք նաև, որ ընդամենը 14 տուր է անցել, առջևում շատ հանդիպումներ կան։
Վստահ եմ՝ որ վաղը կգրեն, որ «Ինտերը» մրցակիցներ չունի, բայց չորեքշաբթի մենք 0:3 հաշվով զիջում էինք «Բենֆիկային», և վերնագրերը տարբեր էին»,- ասել է Ինձագին DAZN-ի եթերում:
«Նապոլիի» հետ խաղում միլանյան թիմի կազմում աչքի են ընկել Հական Չալհանողլուն, Նիկոլո Բարելլան և Մարկուս Թյուրամը։
Այս հանդիպումից հետո «Ինտերը» 35 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը, «Նապոլին» 24 միավորով հինգերորդն է։