Մյունխենի «Բավարիան» ցանկանում է այս ձմռանը երեք տրանսֆեր ձևակերպել՝ պաշտպանությունն ու կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար, հայտնում է Նիկոլո Սկիրան։
Հաղորդվում է, որ բավարացիները հունվարին ցանկանում են ձեռք բերել աջ պաշտպանի, կենտրոնական պաշտպանի և կիսապաշտպանի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մյունխենի «Բավարիան» ցանկանում է իր կազմում տեսնել «Արսենալի» պաշտպան Տակեհիրո Տոմիյասուին։ Ըստ Bayern & Germany-ի՝ Գերմանիայի չեմպիոնի հետաքրքրությունը ճապոնացու նկատմամբ շատ մեծ է. ակումբի ղեկավարությունը ցանկանում է ֆուտբոլիստին տեսնել իրենց թիմում գալիք ամառ, բայց չի բացառվում, որ ֆուտբոլիստի տրանսֆերը կարող են փորձել ձևակերպել նաև ձմռանը: Տոմիյասուն պաշտպանությունում խաղում է բոլոր դիրքերում՝ թե ձախից, թե աջից, թե կենտրոնական պաշտպանի դիրքում (Ճապոնիայի հավաքականում)։ Այս տրանսֆերի հարցում կա մեկ բայց․ «Արսենալը» չի ծրագրում բաժանվել իր ֆուտբոլիստից առաջիկայում։
«Բավարիան» հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանի ծառայություններով: Sky Sport Germany-ի տեղեկություններով՝ «Բավարիային» հայտնել են, որ անգլիական ակումբը հունվարին կհամաձայնի բաց թողնել ֆրանսիացուն մոտ 20 միլիոն եվրոյի դիմաց։
Պաշտպանությունն ուժեղացնելու համար մյունխենցիները ունեն ևս մեկ տարբերակ․ ակումբ կարող է վերադառնալ թիմի նախկին պաշտպան Ժերոմ Բոատենգը, ով ներկայումս ազատ գործակալի կարգավիճակում է։ Վերջերս ֆուտբոլիստը մոտ էր ակումբի հետ պայմանագիր կնքելուն, բայց դա տեղի չունեցավ․ հնարավոր է, որ հունվարին կողմերը վերսկսեն բանակցությունները պայմանագրի շուրջ։
«Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինյան վերջապես կարող է միանալ «Բավարիային» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այդ մասին հայտնել էր Ֆաբրիցիո Ռոմանոն: Ամռանը «Բավարիան» արդեն պայմանավորվել էր «Ֆուլհեմի» հետ 28-ամյա պորտուգալացու տրանսֆերի շուրջ, սակայն վերջին պահին տրանսֆերը չկայացավ։
Գերմանական գրանդը կիսապաշտպանությունն ուժեղացնելու ևս մեկ տարբերակ է դիտարկում․ «Բավարիայի» ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերում «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիին ձեռք բերելու հարցում։ Այս մասին հայտնում է Bayern & Germany-ը՝ լրագրող Քրիստիան Ֆալկին հղում անելով։
Sky Sport Germany-ն նաև հայտնել է «Բավարիայի»՝ «Նապոլիի» ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիայի նկատմամբ հետաքրքրության մասին։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև անգլիական ակումբները, այնպես որ գերմանական ակումբին թեժ տրանսֆերային մրցավազք է սպասվում։ Բացի այդ, քիչ է հավանականությունը, որ վրացի ֆուտբոլիստը կփոխի ակումբային գրանցումն առաջիկա ձմռանը։
Վերջերս հայտնի դարձավ, որ «Բավարիան» երկարաժամկետ պայմանագիր է կնքել ավստրալացի 17-ամյա վինգեր Նեստորի Իրանկունդայի հետ։ Այդ մասին հայտնում է ESPN-ը։ Պայմանագրի ստույգ ժամկետը չի հաղորդվում։ Սակայն, Իրանկունդան «Բավարիային» կմիանա ոչ թե ձմռանը, այլ 2024 թվականի հուլիսի 1-ին։