«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է այն թեմայի շուրջ, թե ով պետք է լինի հիմնական դարպասապահը Գերմանիայի հավաքականում։
«Կցանկանայի մի բան ասել Մանուել Նոյերի մասին. Կարծում եմ, որ այս հարցն ինքնին կլուծվի մայիսին կամ հունիսին, եթե Մանուն մինչ այդ ժամանակ առողջ մնա և բոլոր հարցերը լուծի այն հոգեվիճակում, որում գտնվում է հիմա»- Տուխելի խոսքերն է մեջբերում kicker-ը։
2022 թվականի դեկտեմբերին Նոյերը կոտրել էր ազդրի ստորին հատվածը, երբ դահուկներ էր քշում արձակուրդում և դուրս մնաց 2022/2023 մրցաշրջանի մնացած հատվածից, ինչպես նաև բաց թողեց 2023/2024 մրցաշրջանի մեկնարկը։
Ընթացիկ մրցաշրջանում, ապաքինվելուց հետո, 37-ամյա դարպասապահը հինգ հանդիպում է անցկացրել, որոնցից երկուսում գոլ բաց չի թողել։
Նոյերն ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2009 թվականի հունիսին։ Գերմանիայի հավաքականի կազմում դարպասապահն անցկացրել է 117 հանդիպում, որից 48-ը՝ անառիկ, իսկ մնացածում բաց է թողել 113 գոլ։ Գերմանիայի հավաքականի հետ Նոյերը հաղթել է Բրազիլիայում կայացած 2014թ.-ի աշխարհի առաջնությունում։