Լիոնել Մեսսին հիշել է 2022 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Վաութ Վեգորստի հետ կապված միջադեպը։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում հաղթել է Նիդերլանդների ընտրանուն (2:2, 11-մետրանոցներով՝ 4:3): Հանդիպման ընթացքում բախումներ են եղել ֆուտբոլիստների միջև, որից հետո ֆուտբոլիստներն ու մարզիչները քննադատել են իրենց մրցակիցների պահվածքը։
Խաղից հետո տված հարցազրույցի ժամանակ Արգենտինայի հավաքականի ավագ Մեսսին կուլիսներում կանգնած հոլանդացի հարձակվողին ասել էր. «Ինչի՞ն ես նայում, ապուշ: Դուրս գնա»։
– Բոլորը հիշում են Վեգորստին ուղղված Ձեր արտահայտությունը: Մենք սովոր չենք Ձեզ այսպես տեսնել…
— Դա պայմանավորված էր այն ամենով, ինչ տեղի է ունեցել խաղից առաջ և դրա ընթացքում: Նրանք շատ են խոսել խաղից առաջ։
Խոստովանում եմ՝ ինձ դուր չեկավ, որ այդպես արձագանքեցի։ Բայց սրանք լարված պահեր են, և դա կարող է տեղի ունենալ»,-Արգենտինայի և «Ինտեր Մայամիի» հարձակվողի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։