«Բավարիայի» ղեկավարությունը ևս մեկ անգամ ուսումնասիրում է մյունխենցիների նախկին պաշտպան Ժերոմ Բոատենգի հետ կարճաժամկետ պայմանագիր կնքելու տարբերակը Մատթիս դե Լիգտի վնասվածքի պատճառով, որը ստացել էր երեկ՝ նոյեմբերի 1-ին, Գերմանիայի գավաթի խաղում, որի պատճառով նա բաց կթողնի չորսից վեց շաբաթ։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 2-ին, Բոատենգը վերսկսել է մարզումները «Բավարիայի» երկրորդ թիմի հետ՝ միաժամանակ մարզվելով հիմնական թիմի մարզումային սարքավորումներով։ Ընդգծվում է, որ մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը անձամբ է հետաքրքրված գերմանացի ֆուտբոլիստի հետ կարճաժամկետ աշխատանքային պայմանագիր կնքելով։ 35-ամյա պաշտպանի հետ պայմանագիր կնքելու առավելություններից մեկը նրա գերազանց ֆիզիկական մարզավիճակն է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ կային, որ մյունխենցիները դիտարկել են Բոատենգի հետ պայմանագիր կնքելու տարբերակը, սակայն հրաժարվել են այս մտքից։ «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը նշել է, որ իմաստ չի տեսնում խաղացողի հետ պայմանագիր կնքելու մեջ, քանի որ քիչ ժամանակ է մնացել ձմեռային տրանսֆերային պատուհանի բացմանը։
























































