«Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը որակազրկվել է Գերմանիայի առաջնության երկու խաղով՝ Բունդեսլիգայի 9-րդ տուրի «Դարմշտադտի» հետ խաղում (8:0) թույլ տված վերջին հույսի խախտման համար։ Այս մասին հայտնում է Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը ուղիղ կարմիր քարտ էր ստացել շաբաթ օրը կայացած հանդիպման չորրորդ րոպեին։ 28-ամյա ֆուտբոլիստը բռնել էր մրցակցի խաղացողին, որը մեն-մենակ էր դուրս եկել «Բավարիայի» դարպասապահի հետ։ Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան Կիմիխին այսպիսի պատժի է արժանացրել՝ ոչ սպորտային պահվածքի համար: Կիսապաշտպանը բաց կթողնի «Բավարիայի» հաջորդ հանդիպումները Դորտմունդի «Բորուսիայի» և «Հայդենհայմի» դեմ։
Այս մրցաշրջանում Կիմիխը «Բավարիայի» կազմում անցկացրել է 14 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 75 միլիոն եվրո։
























































