«Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խփել է իր ակումբային կարիերայի 300-րդ գոլը։ Այս մասին տեղեկացնում է Opta-ն։
Հարձակվողն իր 300-րդ գոլը հեղինակել է «Բայերի» հետ Բունդեսլիգայի 4-րդ տուրի խաղում։
Նաև այս խաղում աչքի ընկնելով՝ 30-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնությունում իր առաջին չորս հանդիպումներում կարողացել է չորս գոլ խփել։ Մյունխենցիների կազմում վերջին անգամ նմանօրինակ արդյունք կարողացել էր գրանցել Միրոսլավ Կլոզեն՝ 2007 թվականին:
Հիշեցնենք, որ Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել այս ամառ՝ «Տոտենհեմից» ավելի քան 100 միլիոն եվրոյի դիմաց։ Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 38 հանդիպման, որոնցում խփել է 30 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
Գերմանիայի առաջնության 4 տուրից հետո «Բավարիան» վաստակել է 10 միավոր և առաջատարությունը կիսում է «Բայերի» հետ։
























































