Գերմանիայի հավաքականի և «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կիսվել է իր կարծիքով ազգային թիմում դարպասապահի դիրքում մրցակցության մասին։
«Հիմա ես թիվ 1-ն եմ: Երկար եմ սպասել այս պահին ու հիմա ուզում եմ օգտվել հնարավորությունից։ Ամեն ինչ կանեմ, որ այդպես մնա։ Չգիտեմ, թե Նոյերը վերականգնողական որ փուլում է։ Տեսել եմ, որ նա վերադարձել է խաղադաշտ, ինչն ինձ շատ ուրախացրեց։ Նման ծանր վնասվածքից հետո ամենակարևորն այն է, որ նա վերադառնա խաղադաշտ։ Հուսով եմ, որ նա կրկին վայելում է ֆուտբոլը: Ես չեմ կարող ազդել սրանց վրա: Ես չեմ կարող և չեմ ուզում վատնել իմ էներգիան դրա վրա: Ես չեմ կարող մարզչին ասել, թե ինչ անել: Կենտրոնացած եմ նրա վրա, ինչ կարող եմ ցույց տալ խաղադաշտում հաջորդ երկու խաղերում»,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում «Bayern & Germany»-ն իր Twitter-ում։
Հիշեցնենք, որ երկար տարիներ տեր Շտեգենը Նոյերի փոխարինողն էր, սակայն «Բավարիայի» դարպասապահի վնասվածքի պատճառով նա դարձավ առաջին ընտրությունը:
























































