Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից՝ թիմի սեպտեմբերյան հանդիպումներում անբավարար արդյունքներ գրանցելու դեպքում։ Այս մասին հայտնում է Sport Bild-ը։
Նշվում է, որ Գերմանիայի առաջիկա խաղերը Ճապոնիայի և Ֆրանսիայի հետ որոշիչ կլինեն Ֆլիկի ապագայի համար: Եթե կրկնվեն հունիսյան հանդիպումների արդյունքները, երբ «բունդեսթիմը» ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի հավաքականի հետ (3:3), պարտվեց Լեհաստանին 0:1 հաշվով, իսկ հետո զիջեց Կոլումբիայի ընտրանուն 0:2 հաշվով, հավանական է գլխավոր մարզչի փոփոխություն: Որպես այս պաշտոնի հիմնական թեկնածուներ նշվում են Յուլիան Նագելսմանը, Օլիվեր Գլասները և Մաթիաս Սամերը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Գերմանիայի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ճապոնիայի հետ։ Այնուհետև նրանք սեպտեմբերի 12-ին կխաղան Ֆրանսիայի հետ: