Հայաստանի հավաքականի և «Արարատ-Արմենիայի» 20-ամյա պաշտպան Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի խորվաթական «Օսիեկ» ակումբում, որտեղ կտեղափոխվի վարձակալական հիմունքներով:
ԲԿՄԱ-ի տնօրեն Գագիկ Աղբալյանը, որտեղ ֆուտբոլիստը հանդես էր գալիս վարձակալությամբ, տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են թիմակիցները Մկրտչյանին ճանապարհում նոր թիմ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մկրտչյանն օրերս բուժզննում կանցնի խորվաթական ակումբի համար՝ պայմանագիր կնքելուց առաջ:
Ըստ լուրերի՝ վարձակալական պայմանագիրը նախատեսված կլինի մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը՝ հետագայում տրանսֆերը գնելու հնարավորությամբ:
Ավարտված մրցաշրջանը Մկրտչյանը վարձակալությամբ անցկացրել է ԲԿՄԱ-ում: Հավաքականի կազմում անցկացրել է 10 հանդիպում։
Ո՛չ «Արարատ-Արմենիան», ո՛չ «Օսիեկը» դեռևս պաշտոնապես չեն հայտարարել Մկրտչյանի տեղափոխության մասին: