«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Իլկայ Գյունդողանը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մի քանի շաբաթ առաջ Գյունդողանը բանավոր համաձայնության է եկել կապտանռնագույնների հետ երեք տարվա պայմանագրի շուրջ, որը կսկսի գործել այն բանից հետո, երբ լրանա գերմանացի կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Նշվում է, որ բանակցություններում մեծ դեր է ունեցել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին։ Նա համոզել է խաղացողին, որ ոչ մի այլ ակումբ չի կարող հավասարվել «Բարսելոնային»: Բացի այդ, Չավին Գյունդողանին երաշխավորել է տեղը մեկնարկային կազմում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 32-ամյա գերմանացու ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։ 2022/2023 մրցաշրջանում կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։