Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Մարիո Գյոտցեի հետ, հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա կիսապաշտպանի նոր պայմանագիրը ֆրանկֆուրտցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
«Այն, որ Մարիոն նոր պայմանագիր է ստորագրել, կարևոր նորություն է, հատկապես Գերմանիայի գավաթի եզրափակիչից առաջ: Նա մեզ կատարյալ համապատասխանում է մարդկային և մարզական առումներով և ավելի ու ավելի է դառնում թիմի առանցքային խաղացողներից մեկը: Անցյալ ամառ մենք գիտեինք, որ մեծ մարդու և խաղացողի ենք բերում «Այնտրախտ», և Մարիոն ամեն օր դա ապացուցում էր՝ իր քրտնաջան աշխատանքով»,- ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ:
2022/2023 մրցաշրջանում Գյոտցեն «Այնտրախտի» կազմում 45 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 13 միլիոն եվրո: Ֆուտբոլիստը «Այնտրախտում» հանդես է գալիս 2022 թվականի հունիսից: