Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց առաջ հրաժեշտ է տվել դորտմունդյան ակումբի անձնակազմին։
Ինչպես հայտնում է Ruhr Nachrichten BVB-ն, ֆուտբոլիստը մարզաբազա է այցելել Գերմանիայի առաջնության վերջին տուրից հետո։ Նա զրուցել է աշխատողների հետ և նրանց նվիրել նվերներ, որոնցից մեկը ստացել է «շնորհակալություն» մակագրությամբ խաղակոշիկներ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիացին զրուցել է նաև «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեի հետ։
Ըստ Bild-ի՝ Բելինգհեմն արդեն համաձայնեցրել է «Ռեալի» հետ անձնական պայմանագիրը մինչև 2029 թվականը՝ տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձով, իսկ այժմ ակումբներին մնում է միայն համաձայնեցնել տրանսֆերի գումարը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կիսապաշտպանի տեղափոխությունը մադրիդյան թիմ կարող է կայանալ մոտ օրերս։