«Մանչեսթեր Սիթի» բելգիացի կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն ՈՒԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող՝ առաջին կիսաեզրափակիչների արդյունքներով։ ՉԼ-ում այս շաբաթ լավագույնն է ճանաչվել նաև «Ռեալի» դեմ նրա խփած գոլը:
Լավագույն խաղացողի կոչման համար քվեարկության արդյունքներով բելգիացին առաջ է անցել մադրիդցիների հարձակվող Վինիսիուս Ժունիորից, «Ինտերի» կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանից ու Նիկոլո Բարելայից։
Մայիսի 9-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած խաղում «Քաղաքայիները» ոչ-ոքի (1:1) են խաղացել Մադրիդի «Ռեալի» հետ։ Առաջին գոլը «սերուցքայինները» խփել են 36-րդ րոպեին, աչքի է ընկել Վինիսիուս Ժունիորը։ Դե Բրույնեն 67-րդ րոպեին հեռահար դիպուկ հարվածով հավասարեցրել է հաշիվը։ Բելգիացին ամբողջ հանդիպումն անցկացրել է խաղադաշտում, անգլիացի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան այս խաղում ոչ մի փոփոխություն չի կատարել։
Պատասխան խաղը կկայանա չորեքշաբթի՝ մայիսի 17-ին, Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում: Չեմպիոնների լիգայի մեկ այլ կիսաեզրափակիչում «Միլան»-«Ինտեր» առաջին խաղում Մխիթարյանի թիմը 2։0 հաշվով հաղթանակ է տարել, իսկ Հենրիխն աչքի է ընկել խփած գնդակով։























































