Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին Իսպանիայի առաջնությունում թիմի անհաջող ելույթների ֆոնին։
«Լա Լիգայում մենք չբավարարեցինք պահանջները, և հեշտ է մեղադրել մարզչին, բայց մենք պետք է նայենք նաև մեզ՝ խաղացողներիս, քանի որ մենք լավագույն հանդիպումները չենք անցկացրել, որպեսզի պայքարենք Իսպանիայի առաջնությունում։ Բոլորը գոհ են Անչելոտիից»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Այս պահին «Ռեալն» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ իր ակտիվում գրանցելով 68 միավոր։ Թիմը առաջատար «Բարսելոնային» զիջում է 14 միավորով:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Մադրիդի «Ռեալը» նվաճել է Իսպանիայի գավաթը՝ եզրափակիչ խաղում հաղթելով «Օսասունային»: Մայիսի 9-ին Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը կանցկացնի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Պատասխան խաղը նախատեսված է մայիսի 17-ին։
























































