«Նապոլիի» երկրպագուները վաճառում են Ուդինեի «Դաչիա Արենա» մարզադաշտի խոտածածկի կտորները, որտեղ Լուչանո Սպալետիի թիմը նվաճեց չեմպիոնի տիտղոսը, հայտնում է Football Italia-ն:
Հիշեցնենք` այս շաբաթ ավելի վաղ նեապոլցիները Ա Սերիայի 33-րդ տուրի խաղում ոչ-ոքի խաղացին «Ուդինեզեի» հետ (1:1) և, այդպիսով, նվաճեցին առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակիչ սուլիչից հետո երկրպագուների բազմությունը ներխուժեց խաղադաշտ՝ գրեթե ազատ տարածություն չթողնելով մարզադաշտում։
Խաղադաշտ վազած երկրպագուները, ինչպես պարզվեց, ոչ միայն «Նապոլիի» խաղացողների ու մարզիչների հետ տոնել են չեմպիոնությունը, այլև խոտածածկից կտրել են կտորներ, դրանք զգուշորեն դրել պոլիէթիլենային տոպրակների մեջ և այսօր արդեն դրանց վաճառքի վերաբերյալ հայտարարություններ տեղադրել eBay հարթակում։
Նվազագույն գումարը 100 եվրո է, առավելագույնը՝ 700 եվրո։ Միևնույն ժամանակ, վաճառողը ապրանքի կարգավիճակը բնութագրել է որպես «լրիվ նոր»:
Հատկանշական է, որ «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտի անձնակազմը կանխատեսել է նման հնարավոր իրավիճակներ և ամբողջ խոտածածկը ծածկել է հսկա կապույտ բրեզենտով, երբ 50 հազար երկրպագուներ հավաքվել են Նեապոլի մարզադաշտում՝ մեծ էկրաններով դիտելու «Նապոլիի» և «Ուդինեզեի» խաղը։
«Նապոլիի» համար այս լիգայի տիտղոսը երրորդն էր պատմության մեջ և առաջինը վերջին 33 տարվա ընթացքում: