Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը։
Մադրիդյան ակումբի ղեկավարությունը տպավորված է, թե որքան արագ է մասնագետը կարողացել իր ֆուտբոլը սերմանել Լևերկուզենի թիմում։ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին նույնպես դուր է գալիս Ալոնսոյի գլխավորությամբ երիտասարդ ֆուտբոլիստների առաջընթացը։ Մադրիդի «Ռեալի» ղեկավարները խոստովանում են, որ Ալոնսոն ինքնավստահ տեսք ունի նույնիսկ ճնշման տակ և աշխատում է նպատակային: Նա երբեք չի փորձել խուսափել քննադատություններից և արդեն ունի մեծ ակումբում աշխատելու անհրաժեշտ փորձը։ Այս ամենը նրան դարձնում է Մադրիդի «Ռեալի» մարզչի առաջնահերթ թեկնածու՝ Անչելոտիի հեռանալու դեպքում։ Այս մասին հայտնում է Sport Bild-ը։
Ալոնսոն գլխավորել է Լևերկուզենի «Բայերը» 2022 թվականի հոկտեմբերին, երբ թիմը 17-րդն էր Բունդեսլիգայում։ Իսպանացու գլխավորությամբ թիմը վերադարձավ հաջորդ մրցաշրջանում եվրոպական մրցաշարերում խաղալու տեղի համար պայքարին, ինչպես նաև դուրս եկավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ։
























































