«Նանտի» գլխավոր մարզիչ Անտուան Կոմբուարեն մտադիր չէ մրցաշրջանի ավարտից հետո երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հայտնում է RMC ռադիոն։
Մասնագետի պայմանագրի ժամկետը լրանում է հունիսին, և կողմերը չեն պատրաստվում նոր համաձայնագրի շուրջ բանակցել։ Ըստ հրապարակման՝ Կոմբուարեն իր հեռանալը ծրագրել է դեռ Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչից առաջ, ուստի շաբաթ օրը՝ ապրիլի 29-ին, Թուլուզի հետ խաղում կրած ջախջախիչ պարտությունը (1:5) չի ազդել մարզչի որոշման վրա։
Կոմբուարեի՝ ակումբը լքելու հիմնական պատճառներից մեկը «Նանտի» նախագահ Վալդեմար Կիտայի հետ լարված հարաբերություններն են: Նշենք, որ մի քանի տարի առաջ «Նանտի» երկրպագուները պահանջում էին անձամբ Կիտայի հրաժարականը, որը հազվադեպ դեպքերում էր թույլ տալիս մարզչին ավարտել ամբողջ մրցաշրջանը՝ նախքան նրան հեռացնելը:
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Նանտը» 33 տուրից հետո 32 միավորով 16-րդ տեղում է։ «Բրեստին», որը գտնվում է վտանգավոր գոտում, «Նանտը» գերազանցում է միայն ավելի լավ գոլերի տարբերության շնորհիվ:
























































