«Բարսելոնան» այս ամառ կարող է բաժանվել մի քանի խաղացողներից, որոնք հանդես են գալիս հարձակման գծում։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնական ակումբը հասկանում է, որ ամռանը նոր ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելու համար պետք է մի քանի ֆուտբոլիստներից նաև բաժանվի։ Ակումբի նախագծին չվնասելու համար «Բարսելոնան» կփորձի վաճառել նրանց, ովքեր քիչ խաղաժամանակ են ստանում։ «Բարսելոնան» պատրաստ է լսել Անսու Ֆատիի, Ռաֆինյայի և Ֆերան Տորեսի վերաբերյալ առաջարկները։
«Բարսան» քննարկել է Ֆատիի ներկայացուցիչների հետ ակումբի դիրքորոշումը և հասկացրել, որ Անսուի ծառայություններով հետաքրքրված են շատ ակումբներ (հիմնականում՝ ԱՊԼ-ից): Վինգերն իր հերթին ցանկանում է մնալ «Բարսայում»։ Չնայած դրան, ակումբը կքննարկի նրան վաճառելու առաջարկները, եթե լինի շահավետ առաջարկ:
Ֆերանն իր հերթին վստահ է, որ դեռ հաջողության կհասնի կատալոնական ակումբում: Նա չի ուզում հեռանալ թիմից։ «Բարսելոնան» հասկանում է, որ դժվար կլինի վաճառել Տորեսին, քանի որ ակումբը դժվար թե փոխհատուցի նրա տրանսֆերի համար ծախսած 55 միլիոն եվրոն։ Ֆերանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի քանի ակումբներ (օրինակ՝ «Ինտերը» և «Ատլետիկոն»)։ Նրանք պատրաստ են Տորեսին վարձավճարով վերցնել կամ ներառել խաղացողների փոխանակման գործարքում։ «Բարսելոնան» կքննարկի բոլոր առաջարկները:
Ռաֆինյան հայտնվել է բոլորովին այլ իրավիճակում. նա գերազանց էր խաղում, երբ Ուսման Դեմբելեն վնասվածքի պատճառով բացակայում էր, բայց բրազիլացին չի համարվում այն խաղացողը, ով կարող է տարբերություն ստեղծել խաղադաշտում: Եվ, որ ամենակարևորն է, Ռաֆինյայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները, որոնք պատրաստ են մեծ գումար վճարել հարձակվողի տրանսֆերի համար։ Օրինակ՝ «Չելսին» ցանկանում էր ձեռք բերել բրազիլացուն դեռ նախորդ ամառ: «Բարսան» լավ հասկանում է, որ պետք է ամռանը խաղացողներ վաճառի նոր ձեռքբերումների համար և Ռաֆինյան այդ առումով կարող է շատ արժեքավոր ակտիվ լինել:
























































