«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դիտարկում է «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատի ֆունկցիոնալությամբ ֆուտբոլիստ գնելու հնարավորությունը։ Սակայն ակումբը մտադիր չէ գնել մարոկկացի կիսապաշտպանին նրա արժեքի պատճառով։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Լյուիս Միգելսանցը։
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում 26-ամյա Ամրաբատը մոտ էր «Բարսելոնա» տեղափոխվելուն. «կապտանռնագույնները» վարձավճար էին առաջարկում՝ գնելու իրավունքով, սակայն դա չէր գոհացնում «Ֆիորենտինային»: Այդ պատճառով Ամրաբատը բաց է թողել մարզումը և դուրս է մնացել հանդիպման հայտացուցակից։ Շուտով նա մտափոխվեց և կրկին դարձավ «Ֆիորենտինայի» լիարժեք խաղացող։
Այս մրցաշրջանում Ամրաբատը բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման։ Մարոկկոյի հավաքականի հետ Սոֆյանը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։