Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկ հանգստյան օր է տրամադրել ֆուտբոլիստներին Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ պատասխան խաղում 4-0 հաշվով ջախջախիչ հաղթանակից հետո:
Սոցցանցերում հրապարակված տեսանյութում իտալացին թիմին հայտնում է իր որոշման մասին։ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները հանգստյան օրվա մասին լուրն ընդունում են բուռն ծափահարություններով։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ առաջին խաղում մադրիդցիները սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվել էին «Բարսելոնային», իսկ Մադրիդի «Ռեալի» կազմում պատասխան խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել ֆրանսիացի Կարիմ Բենզեման, ևս մեկ գոլ խփել է Վինիսիուս Ժունիորը։
Իսպանիայի գավաթի եզրափակչում Մադրիդի «Ռեալը» կմրցի «Օսասունայի» հետ: Հանդիպումը կկայանա մայիսի 6-ին, Սևիլիայի «Լա Կարտուխա» մարզադաշտում։
«Ռեալը» վերջին անգամ Իսպանիայի գավաթը նվաճել է 2014 թվականին։