«Չելսիի» նախկին հարձակվող Ֆլորան Մալուդան ասել է, որ կցանկանար ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին տեսնել լոնդոնյան ակումբում։
«Ես կցանկանայի, որ «Չելսին» ձեռք բերեր Մբապեին, կարծում եմ, որ ակումբը պետք է ընտրի նրա պես լավագույն խաղացողներին: Հատկապես, երբ տեսնում եմ, թե «Չելսին» ինչքան է ծախսում ուրիշների վրա։ Ամեն ինչ կախված է նրա՝ ակումբ գալու ցանկությունից, բայց մենք պետք է ընտրենք այդպիսի բարձրակարգ խաղացողների և նրանց շուրջ թիմ կառուցենք։ Իմ երազանքը կլիներ Մբապեի շուրջ թիմ կառուցել երիտասարդ խաղացողներով։ Նա շատ տիտղոսներ է նվաճել և մյուսներից ավելի շատ քաղց է զգում, ուստի «Չելսին» պետք է փնտրի այդպիսի խաղացողի: Մբապեն կհամաձայնի՞ տեղափոխվել «Չելսի»։ Ամեն ինչ հնարավոր է! Սա ավելին է, քան պարզապես մեծ գումարներով առաջարկ պատրաստելը»,- Մալուդայի խոսքն է մեջբերել Goal-ը։
Մբապեն ՊՍԺ-ում է 2018 թվականից։ 24-ամյա ֆրանսիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։
Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 30 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։