ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն խոստովանել է, որ չէր սպասում, թե հարձակվող Կիլիան Մբապպեն ժամանակին կապաքինվի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման համար։
«Այո, զարմացած եմ։ Բայց մենք նաև գիտենք, որ Կիլիանն ավելի արագ է ապաքինվում, քան շատերը: Նա ամեն ինչ արեց այս հանդիպմանը պատրաստ լինելու համար։
Կտեսնենք, թե նա ինչպես կզգա իրեն վաղն առավոտյան: Ես ճիշտ որոշում կկայացնեմ։ Եվ առաջինը, որին կլսեմ, կլինի Կիլիանը։
Երբ դու ՊՍԺ-ի մարզիչն ես, միշտ ճնշում կա, հատկապես Չեմպիոնների լիգայում։ Ես ընդհանրապես չեմ մտածում իմ ապագայի մասին։ Ես վճռական եմ և շարունակում եմ աշխատել»,- մարզչի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։
Փետրվարի 14-ին Փարիզում կկայանա ՊՍԺ — «Բավարիա» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը։ Հանդիպման սկզիբը՝ Երևանի ժամանակով 23։55։
Պատասխան խաղը կկայանա Մյունխենում՝ մարտի 8-ին։
























































