«Կռիլյա Սովետովի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն ասել է, բացատրել է, թե ինչու է ընտրել Ռուսաստանի հավաքականում խաղալու տարբերակը։ Ֆուտբոլիստի խոսքով՝ իրեն հաճախ են վիրավորում սոցիալական ցանցերում ու դավաճան անվանում, չնայած նրան, որ իր համար շատ դժվար է եղել մերժել Հայաստանի հավաքականում խաղալու առաջարկը։
«Ես այդ որոշումն ընդունել եմ ծնողներիս հետ միասին։ Կարծում էի, որ Ռուսաստանից հեռանալը նման դժվարին ժամանակաշրջանում լավ տարբերակ չէ։ Հակառակ դեպքում, տպավորություն կլիներ, որ ես Հայաստանի համար թողեցի բոլոր նրանց, որոնք հավատում և աջակցում էին ինձ։ Դա սխալ կլիներ»,- ասել է 19-ամյա կիսապաշտպանը։
Կովալենկոյի խոսքով՝ այս որոշման պատճառով ինքը բազմաթիվ վիրավորանքներ է ստանում սոցցանցերում։ «Հիմա սոցցանցերում ինձ շատ բաներ են գրում, ինձ դավաճան են ասում։ Ես իսկապես չեմ սիրում այդ ամենը կարդալ: Մարդկանց կարելի է հասկանալ՝ նրանք ուզում են, որ ես շարունակեմ պապական տոհմը։ Բայց պապիկս խաղացել է ԽՍՀՄ-ում, ոչ թե Հայաստանի հավաքականում»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել РБК Спорт-ը՝ հղում անելով Спорт-Экспресс-ին։
Կովալենկոն կարծում է, որ ճիշտ է վարվել։ «Ես ամբողջ կյանքում դաստիարակվել եմ Ռուսաստանում։ Տասը տարի է, ինչ մարզվում եմ այստեղ, ունեմ ռուսական ֆուտբոլային կրթություն, խաղացել եմ երիտասարդական թիմում։ Կարծում էի, որ պետք է խաղալ Ռուսաստանի կազմում»,- ասել է 19-ամյա ֆուտբոլիստը։
Կովալենկոյի խոսքով՝ իր մայրը հայ է, հայրը՝ կիսով չափ հայ, կիսով չափ՝ ուկրաինացի։ Միևնույն ժամանակ, ինքը՝ ֆուտբոլիստը, ծնվել և մեծացել է Ռուսաստանում։ Նրա պապ Ալեքսանդր Կովալենկոն ԽՍՀՄ չեմպիոն է 1973 թվականին՝ Երևանի «Արարատում»։
Սեպտեմբերի 24-ին Կովալենկոն իր նորամուտն է նշել Ռուսաստանի հավաքականի կազմում Ղրղզստանի հավաքականի հետ ընկերական խաղում։