Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է այն լուրերը, թե 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո կհեռանա ազգային թիմից և նրան կփոխարինի Զինեդին Զիդանը։
«Իմ ապագան և Զիդանի գալուստը. Շնորհակալություն հարցի համար, հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ: Այն ամենը, ինչ մենք հիմա ցանկանում ենք, դա Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալն է»,- իր Twitter-ում Դեշամի մամուլի ասուլիսից մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ֆրանսիայի հավաքականն այսօր՝ դեկտեմբերի 9-ին,Կատարում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում կխաղա Անգլիայի հավաքականի հետ, հանդիպումը նախատեսված է սկսել Երևանի ժամանակով 23:00-ին։
Դեշամը Ֆրանսիայի հավաքականը գլխավորում է 2012 թվականից։ Նրա գլխավորությամբ ֆրանսիացիները հաղթեցին 2018 թվականի աշխարհի առաջնությունը և դուրս եկան Եվրոպայի 2016 թվականի առաջնության եզրափակիչ։