Իսպանիայի հավաքականի պաշտպան Էմերիկ Լապորտը խոսել է իր հավաքականի ելույթների մասին՝ ԱԱ-2022-ում:
«Ի՞նչ գործոնների շնորհիվ կարող է Իսպանիան հաղթել աշխարհի առաջնությունում: Մեր խաղը օրինակ է շատերի համար։ Մենք շատ լավ ենք տեղափոխում գնդակը, ունենք շատ հիանալի խաղացողներ։ Աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի՝ Գերմանիայի հետ խաղում մենք ապացուցեցինք, որ ցանկացած պայմաններում կարող ենք ցուցադրել մեր ֆուտբոլը։ Գնդակին տիրապետելու և խաղը կառավարելու մեր կարողությունը միանշանակ բարձր մակարդակի վրա է: Առանձին-առանձին, կան շատ ուժեղ թիմեր՝ իսկապես լավ խաղացողներով, բայց, անկեղծ ասած, խաղային առումով քչերը կարող են մրցել մեզ հետ»,- 28-ամյա խաղացողի խոսքերն է մեջբերում Guardian Sport-ը։
Աշխարհի առաջնության երկու տուրից հետո E խմբում միանձնյա առաջատարն է Իսպանիան, Լուիս Էնրիկեի թիմը վաստակել է չորս միավոր։ Երկրորդ տեղում է Ճապոնիան (3), երրորդում՝ Կոստա Ռիկան (3): Գերմանիան (1) եզրափակում է աղյուսակը: