Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հաղթողի կոչումը նվաճած Վազգեն Թևանյանը Instagram-ի իր էջում կատարած գրառմամբ կիսվել է տպավորություններով․
«Փառք Աստծո։ Ուրախ եմ , որ ինձ հաջողվեց նվաճել ոսկե մեդալ U23 աշխարհի առաջնությունում, սակայն կան բացթողումներ և սխալներ։ Մարզիչներիս և ընկերներիս հետ կաշխատենք և ավելի լավ կպատրաստվենք հաջորդ մրցաշարերին։
Շնորհակալ եմ բոլորից շնորհավորանքների համար»,- գրել է Թևանյանը։
Հիշեցնենք՝ 65 կգ քաշայինների եզրափակչում Թևանյանը 8։4 հաշվով վստահ հաղթանակ է տարել թուրք Համզա Ալաջայի նկատմամբ և հռչակվել չեմպիոն:
Թևանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով հաղթանակ էր տարել կանադացի Դանիել Տրոյ Քոլեսի նկատմամբ: 1/8 եզրափակչում նույն հաշվով առավելության էր հասել անգլիացի ըմբիշի նկատամբ։ Քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 4:3 հաշվով հաղթել էր ճապոնացի Ռիյոմա Անրակուին, իսկ կիսաեզրափակչում 7:6 հաշվով պարտության էր մատնել ղազախ Ադլան Ասկարովին: