«Բարսելոնան» ցանկացել է պատժել թիմի պաշտպան Ժերար Պիկեին՝ Անտուան Գրիզմանի մասին ֆիլմի համար, բայց չի արել դա:
Կատալոնական ակումբում համարել են, որ պաշտպանի գործողությունները վնաս են հասցրել ակումբի հեղինակությանը: Հիշեցնենք՝ 2018 թվականին Kosmos ընկերությունը, որը պատկանում է Պիկեին, փաստագրական ֆիլմ է նկարահանել ֆրանսիացի ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանի մասին: Ֆիլմի վերջում Գրիզմանը, որն այդ ժամանակ հանդես էր գալիս «Ատլետիկոյի» կազմում, հրաժարվում է «Բարսելոնա» տեղափոխությունից:
El Mundo-ն հայտնում է, որ ներքին հետաքննությունից հետո «Բարսելոնան» եկել է այն եզրահանգման, որ իրավունք ունի տուգանելու Պիկեին նրա աշխատավարձի 25 %-ի չափով (շուրջ 300 հազար եվրո): Ըստ ակումբի գնահատման, Ժերարը խախտել է «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկու կետեր:
Խոսեպ Բարտոմեուն , որն այդ ժամանակ հանդիսանում էր կատալոնական ակումբի նախագահը, եկել է այն եզրահանգման, որ «Պիկեն իր շահերն ավելի վեր է դասում ակումբից», «անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս» և «շահերի բախում է առաջացնում»: Բայց հետո «Բարսելոնան» չի պատժել Պիկեին: Այդ որոշումը բացատրվում է նրանով, որ ԶԼՄ-ներում այդ թեմայով կարող էր խոշոր սկանդալ հասունանալ: Բացի այդ, ակումբում պատրաստվել են նախագահի ընտրություններին և չեն ցանկացել ավելորդ աղմուկ բարձրացնել ակումբի շուրջ: