Լա Լիգան կմասնակցի «Ատլետիկոյի» այն երկրպագուների որոնման աշխատանքներին, որոնք վիրավորել են «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին մադրիդյան դերբիից առաջ:
Լա Լիգայի 6-րդ տուրի խաղից առաջ «Վանդե Մետրոպոլիտանո» մարզադաշտի մոտ հավաքված «Ատլետիկոյի» երկրպագուները բղավել են «Վինիսիուս, դու կապիկ ես»: «Ռեալի» ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսն այդ ժամանակ դեռ հասած չի եղել մարզադաշտ:
«Մարզադաշտերում և դրա սահմաններից դուրս մենք դատապարտում ենք նմանօրինակ միջադեպերը: Մենք աշխատում ենք ակումբների հետ, որպեսզի մեր ֆուտբոլը մնա ընկերասեր և հաճելի: Լա Լիգայում տեղ չկա ատելության լեզվի համար, և մենք միշտ աշխատում ենք ակումբների և իշխանությունների հետ, որպեսզի պատասխանատվության ենթարկենք նմանօրինակ դեպքերի մեղավորներին»,- կազմակերպության ներկայացուցչի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Վերջերս Իսպանիայի ֆուտբոլային գործակալների ասոցիացիայի նախագահ Պեդրո Բրավոն El Chiringuito-ին տված հարցազրույցում քննադատել էր ֆուտբոլիստին իր պարի համար՝ նրան համեմատելով կապիկի հետ, ինչից հետո մի շարք հայտնիներ իրենց աջակցությունը հայտնեցին Վինիսիուսին:























































