Իսպանական Պրիմերայի 6-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել է «Էլչեին» և 3 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։
Խաղի արդեն 14-րդ րոպեին հյուրերը մնացել են 10 հոգով։ Գոնսալու Վերդուն վերջին հույսի խախտում է ցույց տվել Ռոբերտ Լևանդովսկու դեմ պայքարում և կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից։
34-րդ րոպեին Լևանդովսկին ընթացիկ առաջնությունում իր 7-րդ գոլն է խփել։ Առաջին կեսի վերջնամասում էլ Մեմֆիս Դեպայը խփել է կատալոնացիների երկրորդ գոլը։
Երկրորդ կեսի մեկնարկում Լևանդովսկին դուբլ է ձևակերպել։
«Բարսելոնան» 16 միավոր է վաստակել և ժամանակավորապես բարձրացել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ «Էլչեն» 1 միավորով վերջին տեղում է։