Հայաստանի Պրեմիեր-լիգայի 8-րդ տուրում «Արարատ-Արմենիան» Վայքի քաղաքային մարզադաշտում հյուրընկալվել է «Լեռնային Արցախի» կողմից և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։
Վարդան Բիչախչյանի թիմի կազմում միակ ու հաղթական գնդակը երկրորդ կեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, հեղինակել է 22-ամյա նիգերիացի հարձակվող Տենտոն Յեննեն։
Այսպիսով «Արարատ-Արմենիան» տարել է իր 4-րդ անընդմեջ հաղթանակն ու միավորների թիվը հասցրել է 16-ի՝ բարձրանալով ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ «Լեռնային Արցախը» 10 միավորով 6-րդ տեղում է։
Հիշեցնենք՝ 8-րդ տուրի շրջանակում ԲԿՄԱ-ն այսօր 2-1 հաշվով հաղթել էր «Արարատին»։
Տուրի մյուս խաղերում «Շիրակը» երեկ՝ սեպտեմբերի 16-ին, հաղթել է «Նոային», իսկ «Վանն» ու «Ալաշկերտը» ոչ-ոքի են խաղացել (0-0)։ Տուրի վերջին խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Փյունիկին»։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 19-ին և կմեկնարկի ժամը 20։00-ին։