Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «ՌԲ Լայպցիգի» հետ Չեմպիոնների լիգայի խաղից հետո (2-0) պատասխանել է թիմի առաջատար Կարիմ Բենզեմայի բացակայության մասին, որը վերականգնվում է վնասվածքից:
«Խաղի համար մեր ծրագիրը չէր փոխվի Կարիմի հետ: Մենք չէինք ցանկանում, որ մրցակիցն օգտագործի հակագրոհների տեմպը, ինչպես նրանք դա կարողանում են անել: Ինչ վերաբերում է Բենզեմային, տեսնենք՝ նա ինչպես կմարզվի առաջիկա օրերին, կկարողանա՞: Ամեն դեպքում, մենք այդ հարցում ռիսկի չենք դիմի:
Եթե Կարիմը շաբաթ օրը մարզվի, ապա կիրակի օրվա՝ «Ատլետիկոյի» դեմ խաղին կկարողանա մասնակցել»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում մադրիդյան թիմի պաշտոնական կայքը:
Հիշեցենք՝ սեպտեմբերի 14-ին կայացած խաղում «Ռեալը» 2-0 հաշվով հաղթանակ է տարել Ֆեդե Վալվերդեի և Մարկո Ասենսիոյի գոլերի շնորհիվ (80-րդ և 90+1-րդ րոպեներին): Մադրիդյան դերբին՝ «Ատլետիկոյի» հետ, կկայանա սեպտեմբերի 18-ին: Բենզեման վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ «Սելթիկի» դեմ խաղում:























































