Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտվել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան:
Հայաստանի կանանց հավաքականը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի նկատմամբ: Իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Մարիամ Մկրտչյանը պարտվել է:
Վերջնարդյունքում Հայաստանի կանանց հավաքականը, Զավեն Անդրիասյանի գլխավորությամբ, 16 միավորով զբաղեցրել է 12-րդ տեղը: Օլիմպիադայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ուկրաինայի հավաքականը՝ 18 միավորով: Երկրորդ տեղում Վրաստանի թիմն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հնդկաստանի թիմը:
Հիշեցնենք՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականը հռչակվել էր Օլիմպիադայի փոխչեմպիոն:
Հայաստանի շախմատի հավաքականները Երևան կվերադառնան օգոստոսի 10-ին՝ ժամը 16:30-ին, Շարժա-Երևան չվերթով: