ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ցանկանում է վերադառնալ Անգլիա։ Արգենտինացին ասել է, որ պատրաստ է աշխատել գրեթե ցանկացած ակումբում, բացի «Արսենալից», հայտնում է The Sun-ը:
Միաժամանակ Daily Mirror-ը գրում է, որ այս պահին Պրեմիեր լիգայում թափուր տեղեր չկան։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է մասնագետով, սակայն ակումբը նախընտրեց Էրիկ Տեն Հագին:
The Sun-ը մեջբերում է Պոչետինոյի մտերիմ ընկերոջ խոսքերը. «Մաուրիսիոն երբեք չի թաքցրել իր համոզմունքը, որ Պրեմիեր լիգայում ավելի երջանիկ է, քան որևէ այլ տեղ»:
Պոչետինոն առանց աշխատանքի է մնացել այն բանից հետո, երբ ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշել է բաժանվել նրանից։ Չնայած Ֆրանսիայի առաջնությունում հաղթելուն, փարիզյան ակումբը ձախողվեց Չեմպիոնների լիգայում՝ դուրս մնալով 1/8 եզրափակիչ փուլից։