Ազգերի լիգայի Շոտլանդիա-Հայաստան խաղից առաջ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ նախախաղային մամուլի ասուլիսին Գլազգոյում ներկայացել է թիմի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը։
«Իհարկե, մեզ վաղը դժվար հանդիպում է սպասվում, որովհետև ծանոթ ենք Շոտլանդիայի խաղին, դիտել ենք Ուկրաինայի դեմ հանդիպումը։ Մենք ևս լավ տրամադրությամբ ենք եկել, քանի որ հաղթել էինք Իռլանդիային։ Վաղը լավ խաղ ենք ակնկալում։
Վաղը կիմանանք, թե մեզնից ինչ կարող է ակնկալել մրցակիցը։ Հուսով եմ՝ լավ հանդիպում կանցկացնենք ու Շոտլանդիայից կհեռանանք լավ տրամադրությամբ։
Մեր թիմը կայունացման փուլում է, ուզում են այն ավելի երիտասարդացնել։ Հուսով եմ՝ մեր առաջխաղացումը լավ կընթանա, ավելի լավ ֆուտբոլ կխաղանք ու կուրախացնենք մեր ազգին։
Ես՝ որպես ֆուտբոլիստ, եկել եմ այստեղ, որ չպարտվեմ, ինչ վերաբերում է ակումբային կարիերային, ապա 3 անգամ եղել եմ այստեղ ու խաղացել շոտլանդական թիմերի դեմ։ Հուսամ՝ վաղը լավ տրամադրությամբ կհեռանանք»,- ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ խաղը կկայանա հունիսի 8-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։