ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում մրցում էր Իռլանդիայի ընտրանու հետ և 1-0 հաշվով հաղթանակ տարավ։
Խաղից հետո կայացած ասուլիսի ժամանակ մեր թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասաղ հետևյալը․
«Խաղը տևում է 90 րոպե և, բնականաբար, առաջին կեսում թիմերը թարմ էին և նրանք վերահսկում էին գնդակը, բայց գրեթե ոչ մի գոլային պահ չստեղծեցին մեր դարպասի մոտ, բացի մի գլխի հարվածից։
Երկրորդ կեսում որոշակի փոփոխություններ ու շտկումներ արեցինք և սկսեցինք ավելի շատ վերահսկել գնդակը։ Մեր թիմը լավ խաղաց, բախտն էլ ժպտաց։ Կարելի է ավելի շատ մեծարել մեր թիմի հաղթանակը, երբ ձեռք է բերվում նման պայքարում։ Իռլանդիայի հավաքականը շատ լավ թիմ ունի։
Ֆուտբոլում կարևորը հաղթանակն է և որևէ այլ բանի մասին վիճել պետք չէ։
Բնականաբար, ցանկացած խաղ ծառայում է նրան, որ թիմն աճի ու առաջընթաց ունենա։ Սակայն, ինչպես երեկ նշեցի՝ տասը օրվա մեջ 4 խաղը բարբարոսություն է։ Պետք է խաղացողները հանգստանալու ժամանակ ունենան։
Խնդիրը կապված է ֆուտբոլիստների վերականգնման գործընթացի հետ։ Մենք այն թիմն ենք, որը պետք հազար տոկոսով նվիրվի խաղին։ Պետք է նաև կարողանանք խուսափել դեղին և կարմիր քարտերից։
Այսօրվա հաղթանակը շատ լավ թիմային աշխատանքի շնորհիվ էր, թիմը անչափ մոտիվացված էր։ Վերջին պարտությունից հետո թիմը շատ մեծ ցավ էր զգում, այնպես որ այսօր ինձ համար շատ հեշտ էր ֆուտբոլիստներին մոտիվացնելը։
Կառանձնացնեի ողջ թիմին՝ նաև պահեստային նստարանին նստած տղաներին, որոնք մինչև վերջ քաջալերում էին խաղացողներին։ Շնորհավորում եմ նաև այն 4 տղաներին, որոնք դուրս մնացին հայտացուցակից։
Բարձր մակարդակի ֆուտբոլում չես կարող ծրագրել, որ առաջին կեսում գոլազուրկ ոչ-ոքի խաղաս, իսկ երկրորդ կեսում գոլ խփես։ Ֆուտբոլիստները հիանալի աշխատանք կատարեցին։
Մեզ հասանելի բոլոր միջոցները գործածելու ենք, որ ֆուտբոլիստները վերականգնվեն, լինելու է նաև ռոտացիա»։
























































