Ապրիլի 30-ին Սոչիում կկայանա Mix Fight-ի հոբելյանական 50-րդ մրցաշարը, որում Հայաստանը կունենա 14 մասնակից: Մրցաշարի ընթացքում տեղի կունենան մենամարտեր K1-ի MMA-ի մուայթայի կանոններով: Երեկոյի ընթացքում կանցկավի նաև 3 մենամարտ գոտու համար: Գլխավոր մենամատերից մեկում Արման Սահակյանը կանցկացնի իր կարիերայի 4-րդ մենամարտը՝ մրցելով Ռուսաստանը ներկայացնող դաղստանի մարզիկ Շամել Մանսուրովի հետ: Հայ մարզիկը ArmSport-ի հետ զրույցում խոսել է նախապատրաստական շրջանի ու առաջիկա մենամարտից իր սպասելիքների մասին.
«Նախապատրաստական փուլն անցնում ենք շատ լավ: Մեկ շաբաթ առաջ եմ մեկնելու մրցավայր՝ մեր հայ մարզիկների՝ Ալբերտ Ամիրջանյանի, Վարդան Ասատրյանի հետ հավաքներ անցկացնելու և միասին մենամարտերին նախապատրաստվելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են, հանձինս իմ մարզիչ Աշոտ Պետրոսյանի, բռնցքամարտի հավաքականի մարզչական կազմին և բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեն իմ նախապատրաստական շրջանն անցկացնելու մեջ: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև Mix Fight-ի նախագահ Վարդան Մնացականյանին նման հնարավորություն ընձեռնելու համար, որ կարողանում ենք մեր երկիրը ներկայացնել նման մրցաշարերում: Հուսով եմ, որ հաղթանակներ կունենանք ու կկարողանանք ուրախացնել մեր ազգին»,-ասաց Արման Սահակյանը:
Հիշեցնենք, որ Սահակյանը Խառը մենամարտերում 3 հաղթանակ ունի: