ՄՅՈՒ-ի նախկին պաշտպան Նեմանյա Վիդիչը խոսել է թիմի ավագ Հարի Մագուայերի մասին։
«Մարզավիճակի հետ կապված խնդիրներ ինչ-որ պահի ցանկացած ֆուտբոլիստի մոտ է լինում։ Ինձ մոտ էլ է եղել, ու ակնհայտ է, որ Մագուայերը նույնպես լավագույն մարզավիճակում չէ այս մրցաշրջանում։
Խնդիրը լուծելու մի քանի տարբերակ կա, դրանցից մեկը նրան յուրաքանչյուր խաղին դաշտ դուրս բերելը դադարեցնելն է։ Նրան կարելի է ավելի հեշտ խաղերին դաշտ դուրս բերել, չնայած դրանք այնքան էլ շատ չեն ԱՊԼ-ում։ Իսկ դժվար խաղերին չխաղացնել։
Նա պիտի իրեն նորից ուժեղ խաղացող զգա, հիմա դա չի լինում։ Երբ քեզ վրա նման ճնշում են գործադրում, երբ մարդիկ սպասում են քո սխալներին, շատ դժվար է լավ խաղալը։
Սարսափելի ոչինչ չկա, եթե խաղացողը մարզչին ասի, որ հիմա իրեն հարմարավետ չի զգում դաշտում, եթե խաղացողը մի երկու շաբաթ խնդրի ուժերը հավաքելու, լավ մարզվելու ու նորից խաղալու պատրաստ լինելու համար։
Ես ՄՅՈՒ-ի կազմում մղձավանջային խաղեր եմ ունեցել, որոնցից հետո հանգստանալու կարիք է եղել»,- Վիդիչի խոսքերն է փոխանցում The Athletic-ը։