«Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանն ArmSport-ի հետ զրույցում մեկնաբանել է Metaratings.ru-ում հրապարակված իր այն խոսքերը, թե «Արարատ-Արմենիան» դեմ չի լինի, ավելին՝ ուրախությամբ կմասնակցի Ռուսաստանի առաջնությանը, եթե նման առաջարկ լինի»: Պողոս Գալստյանի հավաստիացմամբ, իրեն վերագրված խոսքերը չեն համապատասխանում իրականությանը.
«Աղավաղված տեղեկատվություն են հրապարակել: Ինչպե՞ս կարող եմ նման բան ասել: Ինչպե՞ս կարող ենք 10 թիմով մեր Հայաստանի առաջնությունը թողնել և մասնակցել Ռուսաստանի առաջնությանը: Տրամաբանությանը մոտ չէ անգամ: Ի վերջո, դա նաև ֆինանսական մեծ ծախսերի հետ է կապված»,- ասել է երևանյան ակումբի գլխավոր տնօրենը:
Պողոս Գալստյանի պնդմամբ, խոսք է գնացել նախկին ԽՍՀՄ երկրների չեմպիոնների մասնակցությամբ մրցաշար անցկացնելու մասին. «Ասել եմ, որ եթե նման առաջարկ լինի, կքննարկենք, բայց Ռուսաստանի առաջնության մասին առհասարակ խոսք չի գնացել: Ինչպե՞ս կարող է 10 թիմ գնալ և մասնակցել Ռուսաստանի առաջնությանը: Նման բան հնարավո՞ր է: Ոչ էլ միայն «Արարատ-Արմենիան» կմասնակցի: Անլուրջ խոսակցություն է»:
Ավելի վաղ ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը հայտարարել էր, որ Ռուսաստանի՝ գրեթե բոլոր մարզաձևերի առաջնությունները բաց կլինեն, այսինքն դրանց կկարողանան մասնակցել ինչպես ռուսական, այնպես էլ՝ արտասահմանցի մարզիկներ և թիմեր:
Հայաստանի առաջնության 2021/22 մրցաշրջանից 20 խաղից հետո «Արարատ-Արմենիան» գլխավորում է ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Փյունիկին» գերազանցելով 3 միավորով: