ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականների միջև 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի ընդհատված խաղի վերաբերյալ, որը չէր ավարտվել 2021 թվականի սեպտեմբերի 5-ին։
Բրազիլիա-Արգենտինա հանդիպումը սկսվելուց մի քանի րոպե անց այն ընդհատվել է տեղի սանիտարական մարմինների՝ մարզադաշտում հայտնվելու պատճառով։ Ինչպես պարզվել է հետագայում, Պրեմիեր լիգայում հանդես եկող չորս արգենտինացի ֆուտբոլիստներ Բրազիլիա ժամանելուն պես չեն անցել պարտադիր կարանտինը։ Այդ խաղացողներն էին Էմիլիանո Մարտինեսը, Էմիլիանո Բուենդիան, Ջովանի Լո Չելսոն և Քրիստիան Ռոմերոն: Վերջին երկուսը մեկնարկային կազմում էին։
ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն որոշել է, որ հանդիպումը պետք է վերախաղարկվի ՖԻՖԱ-ի կողմից նշանակված ամսաթվին և վայրում:
Բացի այդ, ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն որոշել է տուգանել Բրազիլիայի և Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիաներին 800 000 շվեյցարական ֆրանկ ընդհանուր գումարով և արգենտինացի ֆուտբոլիստներ Էմիլիանո Մարտինեսին, Էմիլիանո Բուենդիային, Ջովանի Լո Չելսոյին և Քրիստիան Ռոմերոյին երկուական խաղով որակազրկել՝ միջազգային կանոնակարգը չկատարելու համար։
























































