«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ամփոփել է Ա Սերիայի 25-րդ տուրում «Սամպդորիայի» դեմ նվազագույն հաղթանակով խաղը։
«Իդեալական շաբաթ։ Երեք շատ դժվար խաղ ունեցանք («Ինտերի», «Լացիոյի» ու «Սամպդորիայի» հետ) և այն, որ հաղթեցինք բոլոր երեքը, գերազանց նշան է։ Պետք է պահել այս տրամադրվածությունը։
«Միլանը» հիմա իր դեմքն ունի, ընդ որում անկախ մրցակցից, և ինձ համար դա ամենագնահատելին է։ Մեր նպատակը եղել է նախորդ մրցաշրջանի համեմատ ավելի ուժեղ դառնալը։ Հիմա մենք երկու միավոր ավելի ունենք, քան մեկ տարի առաջ։ Մենք յուրաքանչյուր խաղի մոտենում ենք ինչպես ամենակարևոր փորձության։
Մենք մեծ ինքնավստահություն ունենք, և ակումբը, խաղացողները, երկրպագուները՝ մենք բոլորս մի բանի ենք ձգտում։ Մենք գիտենք, որ առջևում երկար ճանապարհ է, բայց ուզում ենք շարունակել այն»,- Պիոլիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
























































