17 տարի շարունակ ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի շապիկը կրելուց հետո ազգային ընտրանուն հրաժեշտ է տվել Ջաբա Կանկավան։ Այդ մասին լեգենդար վրացի ֆուտբոլիստը գրառում է կատարել ինստագրամյան իր էջում՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլուն, որն այս ընթացքում մշտապես եղել է ֆուտբոլիստի կողքին ու նրա խնդրանքով շարունակել ելույթները Վրաստանի հավաքականի կազմում։
Ջաբա Կանկավան Վրաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 100 հանդիպում, դարձել 10 գոլի հեղինակ։ Նա 61 խաղում դաշտ է դուրս եկել Վրաստանի ազգային հավաքականի ավագի թևկապով։
Armsport.am-ը հնարավորություն է ունեցել նկարելու նրա մասնակցությամբ հանդիպում։ 2015 թվականի մարտի 31-ին ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանը լուսաբանել է Վրաստանի տնային հանդիպումն ընդդեմ այդ ժամանակվա գործող աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի։
Խաղն ավարտվեց Լյովի գլխավորած թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով, սակայն խաղի ամենահիշարժան դրվագներից մեկը բաժին հասավ առաջին խաղակեսին, երբ խաղադաշտ ներխուժած երկրպագուներից մեկը մոտեցավ ոչ թե աշխարհի չեմպիոն Գերմանիայի ընտրանու ֆուտբոլիստներին, այլ հենց Ջաբա Կանկավային։ Նրանց զրույցին ոչ մեկ չմիջամտեց․․․Դրվագը թերևս լավագույն ապացույցն է, թե որքան են սիրում վրացի ֆուտբոլային երկրպագուներն իրենց ընտրանու ավագին։