«Բարսելոնան» բանակցություններ է վարում «Այաքսի» պաշտպան Նիկոլաս Տալիաֆիկոյի տրանսֆերի շուրջ:
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, հոլանդական ակումբը սկզբում չի ցանկացել բաց թողնել 29-ամյա խաղացողին, այնուամենայնիվ, վերջին մի քանի ժամում «Այաքսի» դիրքորոշումը փոխվել է, քանի որ ֆուտբոլիստն ինքն է ցանկանում հեռանալ։
Տալյաֆիկոն շատ է ցանկանում տեղափոխվել «Բարսելոնա», նա կարծում է, որ չի կարող բաց թողնել նման շանսը։ «Այաքսը» երկու տարի մերժում էր Տալյաֆիկոյի տրանսֆերի բոլոր առաջարկները։ Ակումբը ջենթլմենական համաձայնության էր եկել խաղացողի հետ, որը խոստացել էր չհեռանալ, քանի որ «Այաքսը» շատ ֆուտբոլիստների էր վաճառել։ Այժմ իրավիճակը փոխվել է, «Այաքսը» մեծ վաճառք չի ունեցել, իսկ Նիկոլասը պատրաստ է փոխել ակումբը։
Նշվում է, որ «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը դեմ է Տալյաֆիկոյի հեռանալուն։
«Բարսելոնան» ցանկանում է արգենտինացուն վարձակալել մինչև մրցաշրջանի ավարտը գնման տարբերակով, որը կարող է հասնել 7 միլիոն եվրոյի: Կատալոնական ակումբը կարծում է, որ սա լավ ուժեղացում է։
Հաղորդվում էր, որ Բարսան ամստերդամցիներին առաջարկել է վարձակալել Ալեքս Բալդեին։ «Այաքսը» դիտարկում է նման տարբերակ, սակայն Բալդեի մտերիմները պնդում են, որ իրենք ոչինչ չգիտեն հնարավոր անցման մասին։ Ֆուտբոլիստը ուրախ է Չավիի գլխավորությամբ մարզվելու առիթով և շանսի է սպասում առաջին թիմում: