Կամերունում մեկնարկեց Աֆրիկական ազգերի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆը։
1/8 եզրափակիչ առաջին խաղում Բուրկինա Ֆասոն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով առավելության հասավ Գաբոնի նկատմամբ։
18-րդ րոպեին Բերտրան Տրաորեն վրիպեց 11-մետրանոց հարվածից։ 10 րոպե անց նույն Տրաորեն ուղղեց իր սխալը՝ դառնալով գոլի հեղինակ։ 67-րդ րոպեին Գաբոնի կազմում երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Սիդնեյ Օբիսան։ Մրցավարի կողմից ավելացված ժամանակում Բուրկինա Ֆասոյի հավաքականի պաշտպան Ադամ Գուիրան դարձավ ինքնագոլի հեղինակ, և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 7-6 հաշվով հաղթեց Բուրկինա Ֆասոն։ Հաղթող հավաքականի կազմում 74-րդ րոպեին խաղադաշտ մտավ «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Զաքարիա Սանոգոն, որը չմասնակցեց 11-մետրանոց հարվածաշարին։